ուրբաթ, 3 մայիսի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին
Մայիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի բարեկամ ԱՄԷ-ի հետ տնտեսական կապերի հետագա զարգացումը: Այս կապակցությամբ փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ նիստը թույլ կտա տարբեր ոլորտներում մշակել փոխշահավետ համագործակցության նոր նախաձեռնություններ:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ ԱՄԷ պետնախարարը ներկայացրել է իր այցելության շրջանակներում նախատեսված միջոցառումներից և հանդիպումներից ակնկալվող հիմնական արդյունքները: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ առկա են հեռանկարային մի շարք ոլորտներ, որոնց կապակցությամբ ԱՄԷ գործարարների կողմից ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ ընդգծելով, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման հարցում:
Երկուստեք նշվել է, որ Հայաստանը և ԱՄԷ-ը կարող են կամուրջ հանդիսանալ միմյանց համար՝ համապատասխանաբար Արաբական ծոցի տարածաշրջանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրական կապերի հաստատման ու զարգացման նպատակով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հնարավորությունների շուրջ:
Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել էներգետիկայի, քաղաքաշինության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանման գործնական քայլերին: ԱՄԷ պատվիրակության ուշադրությունն է հրավիրվել ներդրումների համար առավել գրավիչ ուղղությունների և ներդրումների խրախուսման համար կառավարության կողմից իրականացվող քայլերի վրա:
Գոհունակությամբ արձանագրելով զբոսաշրջության ոլորտում վերջին շրջանում գրանցված աճը՝ զրուցակիցները քննարկել են նաև տվյալ ոլորտում համագործակցության խորացման հետագա հնարավորությունները: