հինգշաբթի, 16 մայիսի 2019
Հաստատվել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախքան օրակարգին անցնելը՝ փոխվարչապետն անդրադարձել է երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: «Ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է մոտ 20 տոկոս: Այդ առումով միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է 3 հենասյուների վրա՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ այս 3 ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու: Փոխվարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները և ժամանակացույցը, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են:
Այնուհետ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մանրամասներ է ներկայացրել հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից: Փոխնախարարը, մասնավորապես նշել է, որ համակարգի գործարկումն իրականացվել է բազմաթիվ փորձարկումներից հետո: Ըստ նրա՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն 9321 երեխա է հերթագրվել. տեխնիկական խնդիր է եղել շուրջ 100 երեխաների հետ կապված: «Խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով: Այդ տեխնիակական խնդիրներն արագ հարթվել են»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ հավելելով, որ առաջին դասարանցիների կանխատեսվող ցուցանիշի 75-80 տոկոսն արդեն հայտագրվել է:
Փոխնախարարն նշել է, որ համակարգն այսուհետ անխափան կաշխատի և ծնողները կարող են իրենց երեխաներին առանց որևէ խնդրի համակարգում հայտագրել:
«Մենք սրանով փաստորեն վերջ դրեցինք այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք նաև, կփոխի մշակույթ՝ կա կարգ, կա օրենք, որին պետք է հետևենք, և բոլոր քաղաքացիները այդ կարգի ու օրենքի առաջ հավասար են»,-ասել է Արևիկ Անափիոսյանը:
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, միջոցառումների ծրագիրը համախմբված է 22 պետական մարմինների կողմից ներկայացված ծրագրերից: Ըստ փոխվարչապետի՝ տեղի են ունեցել քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Կառավարության նիստին որոշ գերատեսչությունների ղեկավարների կողմից բարձրացված մի քանի տեխնիկական հարցերին անդրադառնալու նպատակով փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ շաբաթ՝ փաստաթղթում վերջնական խմբագրական աշխատանքներ իրականացնելու համար:
Կառավարությունը նախատեսում է գործուն մեխանիզմ՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու համար
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մշակվել է գործուն մեխանիզմ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում չզրկվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշումը կարևոր է նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման իմաստով, որովհետև բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու դեպքում աշխատանքային ստաժի հաշվարկման համար:
Օրենսդրական նախաձեռնություններ. որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք՝ կներդվի տուգանային միավորների համակարգ
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը: Նախատեսվում է տուգանային միավորների համակարգի ներդրում՝ որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, որը միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող համակարգի կիրառման արդյունքում օրենքի հարկադրական դրույթների ներգործության տիրույթում առավելապես կհայտնվեն պարբերաբար իրավախախտումներ կատարող վարորդները, իսկ օրինավոր վարորդները, որոնք, ի դեպ, բավականին մեծ թիվ են կազմում, առհասարակ կարող են այդ համակարգի գործողության տակ չընկնել: Տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը: Տուգանային միավորների համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել ոստիկանությունում պարեկային ոստիկանության՝ շարժական-շուրջօրյա պարեկային ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ: Պարեկային տրանսպորտային միջոցները հագեցած են լինելու տեխնիկական և ծրագրային միջոցներով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու տրանսպորտային միջոցների նույնականացում համարանիշերի միջոցով՝ ավտոմատ ճանաչման եղանակով, ինտեգրված կլինեն տուգանային միավորների համակարգին և ավտոմատ կարտապատկերեն տրանսպորտային միջոցը հետախուզման մեջ գտնվելու փաստը, սեփականատիրոջ կամ շահագործողի վարորդական վկայականի կարգավիճակը (միավորների քանակ, կասեցում, զրկում): Բացի դրանից, տեխնիկական և ծրագրային միջոցների կիրառմամբ հնարավոր կլինի նույնականացնել վարորդին վարորդական վկայականի միջոցով՝ ավտոմուտքագրման եղանակով:
Օրինագծերի շուրջ կառավարության նիստում ծավալվել է քննարկում, ներկայացվել են առաջարկություններ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերն ու առաջարկությունները և օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողով ներկայացնել լրամշակված տարբերակով:
Հավանության է արժանացել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով՝ առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ: Նախատեսվում է նաև հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները, կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում`ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները: Սահմանվել է մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ, հստակեցվել է հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ՝ օրենքների Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի՝ 2019 թ. փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջներին: Մասնավորապես՝ առաջարկվում է նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախատեսվել են նաև դրույթներ, որոնց համաձայն՝ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել, պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:
Տիգրան Ավինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել, որ այն ընդհանուր առմամբ ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության առումով բարելավող նորմ է:
Հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունել հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը: Կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ ՀՀ դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը: Նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն: Ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Կառավարության հավանությանն է արժանացել 2018 թ. մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կոնվենցիայով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Կոնվենցիայի նպատակներից են բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: Կոնվենցիայով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկոը երկրների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին
Գործադիրը թույլատրել է «Արմ-Ֆայն» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մասնագիտացված հագուստի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, նախատեսվում է ստեղծել 3-5 նոր աշխատատեղ՝ 80,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 230 մլն ՀՀ դրամ, որից 180 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 85 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8.5 մլն ՀՀ դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ կօգտվի ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2018 թ.-ին հիմնադրված ընկերությունը նախատեսում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան՝ կատարելով շուրջ 28 մլրդ դրամի ներդրում։ Գործունեությունը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով կապահովվի գործընթացի պատշաճ կազմակերպմունն ու անցկացումը:
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արևաբույր համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: