չորեքշաբթի, 22 մայիսի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Շվեդիայի պես գործընկերոջ հետ հարաբերությունները խորացնելու յուրաքանչյուր հնարավորություն բարձր է գնահատվում Կառավարության կողմից: Փոխվարչապետը անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին և հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները:
Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Կառավարության գերակայությունների համապարփակ ներկայացման համար: Այնուհետև դեսպանը խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները և աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն և տնտեսության զարգացում:
Փոխվարչապետը խոսել է Հայաստանում նշված երեք ուղղություններով առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ նախանշված բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում հնարավոր է զարգացնել համագործակցությունը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ:
Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի և, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների շուրջ, անդրադարձել թվայնացման կարևորությանը:
Հանդիպման մասնակիցները խոսել են հայ-շվեդական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա հարաբերությունների հետագա ընդլայնման համար: