ուրբաթ, 17 սեպտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Հարավ-կովկասյան «Մտավոր խաղեր» փառատոնում Հայաստանը ներկայացրած 4 թիմերի անդամներին: Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության թիմը հեղինակավոր այդ փառատոնում գրավել է առաջին տեղը՝ առաջ անցնելով նաև աշխարհի չեմպիոն թիմից: Տպավորիչ է, որ սա թիմի արդեն երկրորդ հաղթանակն է՝ 2000թ-ին ունեցած նման մեծ հաջողությունից հետո, որի համար վարչապետի որոշմամբ թիմի վեց անդամները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Շնորհավորելով Հայաստանի թիմերին մասնակցության, իսկ առաջին տեղը գրաված թիմի անդամներին՝ փայլուն հաղթանակի առթիվ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ միջազգային մրցասպարեզներում ամեն նման հաջողություն առաջին հերթին նպաստում է մեր երկրի վարկանիշի բարձրացմանը, հիմքեր նախապատրաստում հանրապետությունում տվյալ մրցաձևի հետագա զարգացման համար: Վարչապետն ընդգծել է վաղ հասակից երիտասարդ սերնդի մեջ մտավոր խաղերի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու կարևորությունը և պետական հոգածությունը, ինչն այժմ արվում է շախմատի բնագավառում: Նա նշել է, որ ինչպես Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, այնպես էլ կառավարությունը պատրաստակամ են այսուհետ ևս աջակցելու մտավոր մրցաձևերի զարգացմանը մեր երկրում:
Փառատոնին մասնակից թիմերի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին, ՀՀԿ-ին և, մասնավորապես, նրա երիտասարդական կազմակերպությանը՝ իրենց նկատմամբ դրսևորած ուշադրության և հոգատարության համար, առանց որի, ըստ նրանց, նման հաջողության հասնելը շատ դժվար կլիներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել փառատոնում առաջին տեղը գրաված թիմի անդամներին: