երեքշաբթի, 11 հունիսի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար:
Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը: