հինգշաբթի, 20 հունիսի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին
Հունիսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների և մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման և թվայնացման օրակարգի համատեքստում: Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը և քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում: