ուրբաթ, 21 հունիսի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, այդ թվում՝ թվային նախագծերի կառավարմանը, ԵԱՏՄ տարածքում ոսկերչական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրին և որոշ ապրանքների պիտակավորմանը վերաբերող հարցեր:
Նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Թվային ծառայություն. ԵԱՏՄ հուսալի կոնտրագենտ» նախագիծը: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների, ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկումները:
Օրակարգում էր ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների՝ որպես վարորդ անարգել աշխատանքային գործունեության վերաբերյալ համաձայնագրի մշակման ընթացքը:
ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ակցիզների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ մի շարք հարցեր: