ուրբաթ, 28 հունիսի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շարժայի կառավարական պատվիրակությանը
Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄԷ-ի Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժայի էմիրության հետ Հայաստանի գործարար կապերի զարգացման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետը կարևորել է Արաբական ծոցի տարածաշրջանի, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Նա ներկայացրել է ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական տեղաշարժերը և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ ինքը մեծ ներուժ է տեսնում մի շարք ուղղություններով հայկական կողմի հետ փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար: Շարժայի կառավարության ներկայացուցիչը ՀՀ փոխվարչապետին է տեղեկացրել գործակցության առավել շահութաբեր ոլորտների վերհանման նպատակով իրականացվող աշխատանքների մասին:
Զրուցակիցները անդրադարձել են սննդի անվտանգության, ջրային ոլորտի, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության մեխանիզմների մշակմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները գործնական առաջարկությունների ներկայացման նպատակով: