հինգշաբթի, 23 սեպտեմբերի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստում հավանություն է տրվել «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը սահմանում է ռազմական ոստիկանության (ՌՈ) խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները և կառուցվածքը, ռազմական ոստիկանության ծառայողի իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ՌՈ ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման, գործունեության վերահսկման կարգը: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ քրեական դատավարության» օրենսգրքերում, ինչպես նաև «Զենքի մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին:
«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման մասին: Այն մշակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից Պետական գնումների գործակալությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա և ներառում է գործակալության գործունեության բարելավման միջոցառումների ծրագիրը:
Մեկ այլ որոշմամբ, 4 մլն 822 հազար դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ՀՀ 2004թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:
Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, ևս 1 մլն դրամ է հատկացրել Արագածոտնի մարզպետարանին՝ Լուսագյուղ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման նպատակով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է Վայոց Ձորի մարզպետին՝ իր կողմից գույքագրման արդյունքներով որոշված տեխնիկատնտեսական պարամետրերով Հեր-Հեր-Արին երրորդ աստիճանի պոմպակայանի ճնշումային խողովակաշարը՝ 630 մմ տրամագծով, 2000 գծամետր ընդհանուր երկարությամբ, անհատույց հանձնել Զեդեա համայնքին՝ նրա կողմից որպես պահանջվող ներդրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծառայություններ» ծրագրով Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր, Արին, Զեդեա, Զառիթափ, Ազատեկ և Փոռ համայնքների համար Կեչուտ-Ազատեկ ինքնահոս ոռոգման ջրատարը կառուցելու նպատակով:
«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 148 մլն 525.7 հազար դրամ էլ հատկացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Էրեբունի օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար:
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը»: Որոշման ընդունման նպատակն է հստակեցնել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների աշխատանքը:
Գործադիրը որոշել է ստեղծել գյուղատնտեսության արդիականացմանը և գյուղացիական տնտեսությունների եկամուտների խթանմանն ուղղված տեխնիկական առաջադրանքներ մշակող աշխատանքային խումբ և հաստատել է դրա անհատական կազմը: Որոշումն ընդունվել է «Հայաստան: Աղքատության հաղթահարման աջակցության վարկի» պայմանների կատարումը ապահովելու նպատակով: Աշխատանքային խումբը պետք է համակարգի «Ագրարային ոլորտում առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, գիտակրթական և խորհրդատվական համակարգի զարգացման հայեցակարգի» մշակման և դրա իրականացման գործընթացը, ինչպես նաև պետք է նպաստի ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետազոտական և գյուղատնտեսությանը խորհրդատվության մատուցման կազմակերպմանը, այդ բնագավառում վարչարարության պարզեցմանը, գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի և մարզային կենտրոնների գործունեության արդյունավետությանը, ինչպես նաև պայմաններ ապահովի գյուղատնտեսության ոլորտում պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնման համար:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ՀՀ մարզահամերգային համալիրին ձայնային սարքավորումներ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև՝ անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մեկ այլ որոշմամբ բարեգործական է որակվել ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004թ. մարտի 22-ին փոխանակված Հայտագրի հիման վրա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը տրամադրված 200 մլն իենի չափով դրամաշնորհի ծրագիրը:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև տրանսպորտային սպասարկման նպատակով ծառայողական ավտոմեքենաներից օգտվելու իրավունք ունեցող ՀՀ պետական մարմինների պաշտոնատար ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների շահագործման և սպասարկման չափորոշիչների (նորմատիվների) վերաբերյալ: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել նաև շահագրգիռ մարմիններին՝ որոշումը վերջնական տեսքի բերելու նպատակով իրենց առաջարկությունները ներկայացնելու համար:
Նիստում գործադիրը որոշում է ընդունել մի շարք ընկերությունների պետական գույքը սեփականաշնորհելու կամ օտարելու վերաբերյալ: Մասնավորապես, մրցույթով մասնավորեցման են ներկայացվել Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» ԲԲԸ-ի, «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ-ի, դասական աճուրդով՝ «Անի-Մուշ» ՓԲԸ-ի, «Անի-Կոնտ» ՓԲԸ-ի պետական բաժնեմասերը: Որոշվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով՝ իր աշխատավորական կոլեկտիվին, «Բարի երթ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը ևս՝ ուղղակի վաճառքի ձևով, գնահատված արժեքի 25 տոկոսի չափով՝ իր աշխատավորական կոլեկտիվին: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրինության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի 2 հասցեում գտնվող 509,24 քմ ընդհանուր մակերեսով շենքը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը, իսկ վերջինիս տնօրինության Մարտունի քաղաքի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող 445 քմ ընդհանուր մակերեսով զինկոմիսարիատի շենքը և 14 քմ մակերեսով պահեստը, դրանց հարող 0,08 հա հողատարածքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը: Որոշումն ընդունվել է Մարտունի քաղաքի զինկոմիսարիատի շենքային պայմանները բարելավելու և ընթացիկ գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով: