ուրբաթ, 24 սեպտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի նախագահ, ակադեմիկոս Գենադի Մատիշովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև նախկինում եղած գիտական կապերի վերականգնման և համագործակցության շարունակման կարևորությունը, ինչը միաժամանակ կնպաստի նաև հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանն այդ ուղղությամբ կատարված դրական քայլ է համարել այս տարվա հունիսին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի միջև՝ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Այդ փաստաթղթով, որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, նշվում են Սևանա լճի բնապահպանական վիճակի ուսումնասիրմանն ու բնականոն կենսագործունեության վերականգնմանը, բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ստեղծմանը, աստղաֆիզիկային, էներգետիկային առնչվող ոլորտները: Ակադեմիկոս Գենադի Մատիշովն ընդգծել է, որ երկու երկրների գիտության և տեխնոլոգիաների զարգացման միտումներն ու ուղղությունները համընկնում են, ինչը հնարավորություն է տալիս երկուստեք առաջադրել իրատեսական խնդիրներ, նպատակներ և արդյունավետորեն լուծել դրանք: Նա կարևորել է երկկողմ համագործակցությունը նաև հասարակական գիտությունների, մասնավորապես, տարածաշրջանային քաղաքականության հետազոտության բնագավառում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու երկու երկրների գիտական կենտրոնների միջև փոխգործակցության ակտիվացման ջանքերին, դրանում կարևորելով նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը: