չորեքշաբթի, 17 հուլիսի 2019
Հայաստանի ու Լիբանանի փոխվարչապետերի հանդիպումը
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանիի հետ:
Ողջունելով գործընկերոջը՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի աճի հնարավորություններ ունի և առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար: Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձևավորել Հայաստան-Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար:
Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որը նոր հեռանկարներ կբացի համատեղ նախագծերի և տնտեսական կապերի ընդլայնման համար: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ ի շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունում անդամակցության ու Եվրասիական միություն – Իրան ազատ առևտրի գոտու հաստատման:
Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և զգալի ներդրում ունի Լիբանանի գրանցած առաջընթացում: Տիգրան Ավինյանը նշել է, որ լիբանանահայերը կարևոր կապող օղակ են երկու երկրների միջև և շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար: