երկուշաբթի, 29 հուլիսի 2019
Անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:
Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին:
Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ և ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել և նախանշել կազմակերպչական հետագա քայլերը: