ուրբաթ, 2 օգոստոսի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է գործարարների պատվիրակությանը
Օգոստոսի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը:
Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին:
Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը: