հինգշաբթի, 15 օգոստոսի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:
Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը և վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները և այս առումով կարևորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: