ուրբաթ, 6 սեպտեմբերի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Մոլդովայի դեսպանին
Սեպտեմբերի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):
Դեսպան Բոլբոչանն ասաց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվեց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորեցին Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:
Զրուցակիցները քննարկեցին նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր: