երկուշաբթի, 16 սեպտեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փոխվարչապետը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ դեսպանի կապը Հայաստանի հետ չի ավարտվի առաքելության ավարտի հետ միասին: Փոխվարչապետն ընդգծել է, որ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին մշտապես ջերմությամբ կհյուրընկալեն Հայաստանում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին բարի խոսքերի համար և նշել, որ իր պաշտոնավարման տարիներին փորձել է նպաստել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են արդարադատության ոլորտում սպասվելիք բարեփոխումների կարևորությունը և դատական համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին փոխվարչապետը մաղթել է դեսպանին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: