Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2019

Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը









Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: «Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Մինչև ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ: Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ: Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում:
Միաժամանակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում առաջին անգամ ՀՀ վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ:

«Այս տարի առաջին անգամ սեպտեմբերի 21-ին կանցկացվի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կսահմանվի վարչապետի մրցանակը»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը:
Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակների հերոսը», իսկ վերևի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես» գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն: Միջոցառումը կանցկացվի Գյումրու Սև բերդում: «Մեր ժամանակների հերոսը» հաղորդումը պատրաստվում է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից:

Ասուլիսի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև Անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման գնումների գործընթացին և ընթացակարգին:

Մասնավորապես, Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Հաշվի առնելով 2019 թվականի սեպտեմբերի 21-ի ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների ծրագրի առանձնահատկությունը, նշանակությունը և կարևորությունը՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով՝ հիմք ընդունելով գնումների մասին ՀՀ օրենքի 23ճ-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526 N որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի Բ պարբերությամբ սահմանված դրույթները:
Անկախության 28-րդ տարեդարձի նվիրված տոնական միջոցառումների ծրագրի կազմակերպման ընթացքում Վարչապետի աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների։

Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա մենք կկորցնեինք դրա կառավարման օղակները, այսինքն՝ վերահսկելի չէր լինի միջոցառման թե՛ տեխնիկական և թե՛ բովանդակային հատվածը: Չնայած, որ ընթացաքակարգը հնարավորություն է տալիս հստակ նշել թե ի՞նչ տեխնիկական պահանջներով սարաքավորումներ է ցանկանում պատվիրատուն՝ այնուամենայնիվ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանական արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, կոնկրետ աղբյուրի կամ արտադրողի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց:

Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը: Ակնհայտ է, որ Գնումների օրենսդրությամբ սահմանված որևէ մրցակցային ընթացակարգով գնումը կատարելու դեպքում տեխնիկական միջոցների (ձայնային, լուսային և այլն) տվյալները նշելու անհնարինության պայմաններում, հաղթող ճանաչված մասնակցի կողմից հնարավոր է ծառայության մատուցումը լինի անհայտ, գուցե նաև անորակ տեխնիկական գործիքակազմի, տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ, ինչպես նաև տվյալ ոլորտում ոչ բավարար փորձառություն ունեցող անձնակազմի միջոցով, ինչը կարող է հանգեցնել Պատվիրատուի համար անկանխատեսելի հետևանքների, և որպես արդյունք, իրականացվող միջոցառման կամ դրա մի մասի ձախողմանը:

Հատկանշական է նաև, որ եթե վարչապետի աշխատակազմը Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների իրականացումն անցկացներ մրցութային ընթացակարգով, ապա միջոցառումների կազմակերպման գործում չէին ներգրավվի այն քանակի տնտեսվարող սուբյեկտներ, այլ հաղթող մեկ կամ մի քանի տնտեսվարողներ:

Այս մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է մի շարք բանակցություններ, որի արդյունքում ընտրվել են շուրջ 75 մեծ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներ:

Փաստացի, տվյալ պարագայում, տվյալ գործընթացի կազմակերպումը դիտարկվում է դե յուրե որպես «մեկ անձից» գնում, սակայն միջոցառումների կազմակերպման գործում ներգրավված է շուրջ 75 տնտեսվարող սուբյեկտ: Այս պարագայում կարող է լինել «մեկ անձից» գնում կատարելու տերմինի ընկալման խնդիր:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման առանձնահատկությունը, նշանակությունը և կարևորությունը ու դրա ճշգրիտ և որակյալ կազմակերպելու պարտավորությունը՝ հարկավոր էր իրականացնել ընկերությունների որոշակի սելեկցիա:

Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ նախկինում անկախության, ինչպես նաև նմանատիպ մյուս միջոցառումերի համար, որոնք իրենց մասշտաբներով մի քանի անգամ ավելի փոքր են եղել, պետական բյուջեից տրամադրվել է հաճախ նույքան, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելի գումար:

Հավելեմ, որ նման ձևաչափով և նման բովանդակությամբ միջոցառում ՀՀ-ում մինչ օրս չի կազմակերպվել:

Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մենք ուսումնասիրել ենք հարևան Վրաստանի փորձը, որը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում երկրում բազմաթիվ հայտնի արտիստների համերգների կազմակերպմամբ։

Մասնավորապես, հայտնի երաժիշտների համերգների, պատասխանատու միջոցառումների կազմակերպման գործընթացի շրջանակում Վրաստանի զբոսաշրջության ազգային Կառավարումը դիմել է կառավարությանը՝ խնդրելով իրեն ժամանակավորապես ազատել գնման ընթացակարգերից։ Արդյունքում՝ հայտարարվում է մրցույթ և կառույցի կողմից ընտրված մի քանի լավագույն ընկերության միջև անցկացվում է մրցույթ, որից արդեն իսկ ընտրվում է համապատասխան ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպությունը:

Ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել այն հանգամանքի վրա, որ, եթե տվյալ միջոցառումների կազմակերպման գործում կիրառեինք մրցակցային ընթացակարգ, ապա հնարավորություն չէր լինի որոշել համերգների բովանդակությունը: Աշխատանքային քննարկումների արդյունքում որոշում կայացվեց սեպտեմբերի 21-ի Անկախությանը նվիրված միջոցառման եզրափակիչ հատվածը կազմակերպել գալա-համերգի տարբերակով, ունենալով հատուկ հյուրեր արտերկրից, որոնց համար բեմի կառուցման, այլ տեխնիկական միջոցների տեղադրման հարցերի շուրջ համագործակցել ենք արտասահմանյան երկրների և տեղացի գործընկերների հետ՝ լայնածավալ աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար։

Համերգները բարձր մակարդակով կազմակերպելը կապված է մի շարք կոմպոնենտների հետ, մասնավորապես, տարբեր ծառայությունների, տեխնիկական միջոցների տեղադրման և այլ հարցերի հետ, որոնք ենթադրում են մասնագիտական փորձառություն և բարձր որակի աշխատանք:

Նմանատիպ միջոցառման կազմակերպման ընթացքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ միջոցառման ընթացքը և ակնկալվող արդյունքը պետք է լինի կանխատեսելի։ Մի կարևոր հանգամանք. մրցույթի անցկացման պարագայում բազմաթիվ կազմակերպություններ կարող են ներկայացնել պահանջվող որակավորման փաստաթղթերը եւ արդյունքում մրցութային ընթացակարգով նրանցից յուրաքանչյուրը կարող էր ճանաչվել հաղթող, դե ֆակտո չունենալով բավարար փորձ և տեխիկական զինվածություն: Արդյունքում, որեւէ երաշխիք չէր լինի, որ մեծ կարեւորություն ու նշանակություն ունեցող միջոցառումը կկազմակերպվի պատշաճ որակով և բարձր մակարդակով։

Միջոցառումը մրցութային ընթացակարգով իրականացնելու դեպքում բախվում ենք նաև տեխնիկական բնութագրի կազմման խնդրին, պայմանավորված մասնագիտական փորձառության բացակայությամբ, ինչն իրենից ենթադրում է, որ Պատվիրատուն պետք է ստիպված լինի հրավիրել մասնագիտական խումբ` տեխնիկական բնութագիրը կազմելու նպատակով, որն արդեն իսկ ռիսկային է, մասնավորապեսմ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Այս գործընթացում, տվյալ տեխնիկական բնութագիրը կազմած մասնագիտական խումբը կարող է մասնակցել մրցույթին եւ հաղթող ճանաչվել:

Եվ ի վերջո, ակնհայտ է, որ մրցութային ընթացակարգով միջոցառումը կազմակերպվելու դեպքում հանարավորություն չէր ընձեռնվի սեպտեմբերի 21-ի Անկախության տոնակատարությունների շրջանակում ապահովել արտասահմանյան արտիստների մասնակցությունը միջոցառմանը, քանի որ ցանկացած արտիստ ունի իր տեխնիկական յուրահատուկ պահանջները, որոնք հրավիրող կողմը կարող է ստանալ միայն պայմանագիրը կնքելուց հետո:

Նույնը վերաբերում է նաև ամբողջ միջոցառման շրջանակում ապրանքների մատակարարմանը, ծառայությունների մատուցմանը և աշխատանքների կատարմանը»:

Ասուլիսի ընթացքում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացրել նաև վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լյուսի Դայանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ