հինգշաբթի, 30 սեպտեմբերի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն է տվել անտառի ազգային քաղաքականությանը և ռազմավարությանը, որի գլխավոր նպատակը անտառների և անտառային տարածքների կայուն կառավարման ապահովումն է: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարներին՝ դրա հիման վրա 2005թ. երկրորդ եռամսյակում կառավարություն ներկայացնել ՀՀ անտառի ազգային ծրագրի նախագիծը: Հարցը քննարկվել է նաև հասարակայնության ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների հետ: Մեկ շաբաթյա ժամկետ է տրվել շահագրգիռ մարմիններին առաջարկություններ ներկայացնելու՝ հարցի վերջնական մշակման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2005թ. տարեկան ծրագրին, որը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից: Ծրագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանման, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և ջրահավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2005թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: Որոշմամբ ծրագիրը կներառվի ՀՀ 2005թ. պետական բյուջեի նախագծում:
Նիստում հավանություն է տրվել նաև ապօրինի անտառահատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագրին, որը մշակվել է «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի «Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ենթածրագրի» շրջանակներում: Կառավարության անդամների հավանությանն արժանացած ծրագրի ընդունման նպատակն է գնահատել և իրատեսական միջոցառումների իրականացման շնորհիվ հնարավորինս չափ կանխարգելել հանրապետության տարածքում ապօրինի անտառահատումները՝ ստվերային վիճակից դուրս բերելով և օրինական դաշտ տեղափոխելով վառելափայտի և շինափայտի իրացումը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի առաջնահերթ միջոցառումների ծրագիրը ևս: Որոշումն ընդունվել է նշված ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, բնապահպանության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և հարկային պետական ծառայության պետին: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:
«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2004թ. իր պահուստային ֆոնդից ֆինանսական հատկացումներ է կատարել մի շարք նախարարությունների և մարզպետարանների: Հատկացումները կատարվել են ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին:
Որոշվել է, մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 5 մլն դրամ՝ Հացավան գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման համար, 2 մլն դրամ՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական 25 բնակելի շենքի համար, 17 մլն 422.8 հազար դրամ՝ Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման համար, 3 մլն 700 հազար դրամ՝ Արտաշատ քաղաքի Ռ. Պատկանյանի փ. բ/շ 62 բ շենքի համար, 5 մլն դրամ՝ Մխչյան գյուղի դպրոցի հիմնանորոգման համար, 2 մլն 600 հազար դրամ՝ Շիրակի մարզի Գյումրու պետական մանկավարժական քոլեջի տանիքի վերանորոգման և ջեռուցման համար, 5 մլն դրամ (համաֆինանսավորում)՝ սոցիալապես անապահով, անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի հայեցակարգի մշակման համար: Նույն որոշմամբ 59 մլն դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Լոռու մարզի Հ-22-Պ.խ. Մ-6-Դսեղ (12.5կմ) ճանապարհատվածը ամբողջությամբ վերանորոգելու համար: Որոշմամբ Կոտայքի մարզպետարանին հատկացվել է 8 մլն 394.9 հազար դրամ և 3 մլն 550 հազար դրամ՝ համապատասխանաբար Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման և Հրազդանի N5 միջնակարգ դպրոցի նորոգման համար: 694.9 հազար դրամ է հատկացվել Տավուշի մարզպետարանին՝ Իջևան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Արագածոտնի մարզպետարանին գործադիրը հատկացրել է 25 մլն դրամ՝ Օշական գյուղի դպրոցի հիմնանորոգման համար, 16 մլն 111.8 հազար դրամ՝ Ծաղկասար գյուղի նոր դպրոցի կառուցման համար, 8-ական մլն դրամ՝ Աշտարակ քաղաքի N 5 և N4 դպրոցների նորոգման համար, 12 մլն դրամ՝ Զարինջա գյուղի դպրոցի ամրացման, 2 մլն դրամ՝ Ղազարավան գյուղի բարեկարգման համար, 1 մլն դրամ՝ Արտենի գյուղի N 1 դպրոցի բարեկարգման, 1-ական մլն դրամ՝ Արագածավան գյուղի N1 և N2 դպրոցների վերանորոգման համար, 5 մլն դրամ՝ Ուջան գյուղի դպրոցի վերանորոգման համար, 7 մլն 300 հազար դրամ՝ Աշտարակ քաղաքի N3 դպրոցի հիմնանորոգման համար, 10 մլն 650 հազար դրամ՝ Ալագյազ գյուղի լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման համար: Արարատի մարզպետարանին էլ հատկացվել է 3 մլն 763 հազար դրամ է մարզի դպրոցների համար աշակերտական սեղանների և նստարանների ձեռքբերման նպատակով: Արմավիրի մարզպետարանին կառավարությունը հատկացրել է 2 մլն 587.5 հազար դրամ՝ մարզի տարերային աղետից դպրոցական մասնաշենքերի վնասի վերականգնման համար: Շիրակի մարզպետարանին ևս հատկացվել է 23 մլն 500 հազար դրամ՝ Գյումրի քաղաքի Սպանդարյան փող. թիվ 24 բնակելի շենքի վերականգնման համար, 37 մլն 300 հազար դրամ և 11 մլն 354 հազար դրամ՝ համապատասխանաբար Անիպեմզա և Հարթաշեն գյուղերի դպրոցների վերանորոգման համար:
Գործադիրը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ 2005թ. պետական գնումների գործընթացի նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ 52.5 մլն դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման մեջ ներգրավված գիտությունների դոկտորներին և թեկնածուներին ս.թ. հոկտեմբերի 1-ից գիտական աստիճանի հավելավճար սահմանելու համար` (673 գիտությունների դոկտորների համար` 10.000-ական դրամ, 2113 գիտությունների թեկնածուների համար 5.000-ական դրամ հաշվարկով):
Կառավարությունը հաստատել է ՀՀ հիվանդանոցների կառավարման բարելավման միջոցառումների ծրագիրը, որը կիրականացվի 2005-2009թթ. ընթացքում: Ծրագրի նպատակն է հստակեցնել և ընդլայնել հիվանդանոցների վերահսկիչ հանձնաժողովների դերը, նրանց կողմից իրականացվող գործառույթները և պարտականությունները՝ համալրելով հանձնաժողովները նոր անդամներով: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին՝ աջակցել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Այլ որոշումներով գործադիրը հաստատել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների գործընթացի բարելավման գործողությունների ծրագիրը», ինչպես նաև Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի թիվ 3 հավելվածով (պարտատիրոջ (վարկատուի) իրավունքների իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում) նախատեսված միջոցառումների կատարման ժամանակացույցը:
Նիստում կառավարությունը հաստատել է մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման նպատակով իրականացվելիք միջոցառումների, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրերը: Առաջարկվել է ՀՀ օրենքով ստեղծված հանձնաժողովների ղեկավարներին, նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց իրավասությանն առնչվող առաջնային աշխատանքային ուղղությունների ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքի Գ. Հովեփյան փող. և հեռուստաաշտարակին հարող տարածքից 1,5 հա մակերեսով հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ կրթական կենտրոնի համալիր կառուցելու նպատակով:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի հիմնադրի, ինչպես նաև 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2005թ. հունվարի 1-ից վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 24-ի «ՀՀ Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 138 որոշման մեջ, կառավարությունը որոշել է վերակազմակերպել «Գյումրու N4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն՝ այն «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին միացման ձևով: Որոշումն ընդունվել է բնակչության առողջության առաջնային պահպանման որակի բարելավման, բուժօգնության մատչելիության և հավասարության սկզբունքի ապահովման նպատակով:
Նիստում որոշվել է մասնավորեցման ներկայացնել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին: Բաժնետոմսերի գինը 134 մլն 641 հազար դրամ է: Ըստ որոշման, գնորդը պարտավորվում է ընկերությունում հինգ տարվա ընթացքում 100 մլն դրամի ներդրում կատարել՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Գործադիրը որոշել է մրցույթով մասնավորեցնել նաև 51 մլն 971 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ այն վերակազմակերպելով բաց բաժնետիրական ընկերության, ինչպես և 8 մլն 112 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ այն անվանափոխելով ՓԲԸ-ի:
ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ոռոգման համակարգերի և դրանց կառուցվածքների ծրագրային նախազգուշական նորոգման կանոնները: Դրանք հիմք են հանդիսանալու հիդրոտեխնիկական կառուցվածքների (ՀՏԿ) ամենամյա զննման, անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարման համար, որոնք առավելագույնս կնվազեցնեն արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Ազգային Ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցության համար նախատեսված 70 մլն 222.3 հազար դրամը բաշխելու վերաբերյալ:
«Ապահովագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ելնելով ապահովագրական ընկերությունների վճարունակության, ֆինանսական կայունության և հուսալիության ապահովման անհրաժեշտությունից և առաջնորդվելով ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանության սկզբունքներով, գործադիրը սահմանել է ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի պահանջը՝ ըստ ժամանակացույցի:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը անհետաձգելի է համարել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկել է Ազգային Ժողովին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, գործադիրը որոշում է ընդունել նաև Շիրակի մարզի Ողջիի գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու մասին: