ուրբաթ, 1 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, որն արդեն մի քանի տարի է, կառավարության որոշմամբ, մեր երկրում նշվում է պետականորեն: Դա գնահատությունն է հայրենանվեր այն աշխատանքի, որ ձեր կոչմանը հավատարիմ կատարում եք` սիրով ու համբերատարությամբ, չնայած բոլոր դժվարություններին, որոնք, համոզված եմ, քայլ առ քայլ միասնական ջանքերով կհաղթահարվեն: Այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու ձեզ և կրկին փաստելու, որ անգնահատելի է ուսուցչի դերը նոր սերնդի կրթության, պետության քաղաքացիների ձևավորման, նրանց հայեցի կրթության և բարոյական ու ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում: Պետության կողմից իրականացվող կրթական բարեփոխումները, որոնք ներառում են նաև դպրոցաշինության, համակարգի աշխատողների կենսապայմանների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրների հիմնարար լուծումներ, միտված են հենց ուսուցչի մասնագիտության նկատմամբ համընդհանուր ուշադրության, գնահատանքի և հոգածության մեծացմանը:
Կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ անձնական կյանքում և ստեղծագործական բեղմնավոր աշխատանքի երկար տարիներ: