երկուշաբթի, 30 սեպտեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի բացմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների փոխվարչապետների հետ մասնակցել է այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը ու առաջին պանելային քննարկմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ կազմակերպված միջազգային համաժողովը տևելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը: Համաժողովի ընթացքում քննարկվում են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր:
Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը: