ուրբաթ, 1 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին:
Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների դերը հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար: Իր հերթին Սերգեյ Միրոնովը գոհունակությամբ հիշատակել է այս տարվա հուլիսին Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստանի Դաշնություն կատարած առաջին պաշտոնական այցի և այդ շրջանակում ունեցած հանդիպումների արդյունավետությունը: Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ կառավարությունների միջև փոխգործակցությունը դժվար կլիներ ապահովել առանց երկու երկրների խորհրդարանականների աջակցության և վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ջանքերն այսուհետ ևս լիարժեք պաշտպանություն կգտնեն օրենսդիրների կողմից: Նրանք նշել են, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարաններում երկկողմ համագործակցությանը վերաբերող փաստաթղթերի քննարկումը բավական ակտիվ է ընթանում, ինչը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի ևս մեկ վկայություն է: Գոհունակություն հայտնելով ստեղծված իրավապայմանագրային բազայի` մինչ այժմ ստորագրված միջպետական ու միջկառավարական ավելի քան 170 փաստաթղթերի կապակցությամբ, կողմերը միաժամանակ ընդգծել են դրանց մի մասը արդի պայմաններին ու միջազգային պահանջներին համապատասխանեցնելու կամ նորերի ստորագրման անհրաժեշտությունը: Դրանք, ըստ նրանց, վերաբերում են մասնավորապես, ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության, ազատ առևտրի, մաքսային, արտակարգ իրավիճակների, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խնդիրներին: Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Միրոնովը գոհունակություն են հայտնել նաև, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը ևս մեծ ուշադրություն է հատկացնում երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զգալիորեն աջակցելով այդ ուղղությամբ կառավարությունների ջանքերին, այդ թվում, ՌԴ դաշնային խորհրդի հովանավորությամբ պարբերաբար անցկացվող գործարար համաժողովների միջոցով: Միաժամանակ, նրանք ընդգծել են այդ բնագավառում դեռևս չօգտագործված մեծ հնարավորությունների առկայությունը: Անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերում Հայաստանի ներգրավվածության խնդրին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը ռուս խորհրդարանականներից որոշակի աջակցություն է ակնկալում, մասնավորապես, Հայաստանի ապաշրջափակման, հայ-թուրքական սահմանի վերաբացման, Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու, ինչպես նաև աբխազական երկաթուղային հատվածի վերաբացման, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին մասնակցության և կենսականորեն կարևոր այլ հարցերում:
Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է առաջնահերթ միջոցառումների այն շրջանակը, որոնք, ըստ հայկական կողմի, կարող են զգալիորեն նպաստել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը: Այդ շարքում նա նշել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների շուտափույթ վերազինման ու վերագործարկման, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների աճի, փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության ակտիվացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության խնդիրները: ՌԴ դաշնային խորհրդի նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին սպասվում է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի այցը Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական գործակցության ոլորտում առկա բոլոր հրատապ հարցերը:
Հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս իր ցավակցությունները հայտնելով ՌԴ դաշնային խորհրդի նախագահին՝ Բեսլանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ողբերգությունից անմիջապես հետո հնարավոր աջակցություն է ցուցաբերել տուժածներին: Նա Հայաստանի իշխանությունների լիակատար համերաշխությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Անդրադառնալով ողբերգական այդ դեպքերի կապակցությամբ ռուս-վրացական պետական սահմանի փակմանը, վարչապետը նաև մտահոգություն է հայտնել, նշելով, որ դա Հայաստանի համար լուրջ դժվարություններ է առաջ բերել այդ սահմանով բեռների և ուղևորների փոխադրումների խնդրում: Սերգեյ Միրոնովը նշել է, թե հուսով է, որ Հայաստանը ըմբռնումով է մոտենում սահմանի փակման ռուսական կողմի շարժառիթներին և հույս է հայտնել, որ ստեղծված վիճակը շուտափույթ լուծում կստանա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչական առանձին սուբյեկտների միջև ուղղակի կապերի և համագործակցության զարգացման խնդրին:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը մեկ անգամ ևս հավաստել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու երկու երկրների իշխանությունների պատրաստակամությունը: