երկուշաբթի, 4 նոյեմբերի 2019
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են ճանապարհային քարտեզի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզում ներառված 2019 և 2020 թվականների միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արդարադատության, միգրացիայի, ֆինանսների, ոստիկանության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում արդեն իսկ իրականացված քայլերին և սպասվող միջոցառումներին:
Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին: