շաբաթ, 31 մարտի 2001
Հանրապետության և Սփյուռքի գիտական ներուժը համախմբելու, այն բոլոր բնագավառներում պետության զարգացմանը ծառայեցնելու, համաշխարհային զարգացման ընդհանուր գործընթացներին ինտեգրելու նպատակով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամ: Գիտահետազոտական գործունեության և ռազմավարական հետազոտությունների իրականացմանը զուգընթաց հիմնադրամը կզբաղվի նաև պետությանն անհրաժեշտ մասնագետների պատրաստմամբ և վերապատրաստմամբ, կրթամեթոդական ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ: Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով՝ կձևավորվի աշխատանքային խումբ, կստեղծվի համահայկական համալսարան, որից հետո կսկսվի ծրագրի գործնական փուլը: Արդեն իսկ հաստատված են հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի կազմը, որը գլխավորում է վարչապետը:
Խորհուրդը ձեռնամուխ է եղել ծրագրի իրագործման առաջին քայլերին. այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ խորհրդի անդամներն այցելեցին Վայոց ձորի մարզ՝ ճշտելու ապագա գիտական կենտրոնի կառուցման վայրը, որը ենթադրվում է՝ կլինի Նորավանքի մերձակա տարածքում:
Նշենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, հասարակական կապերի հաստատման և զարգացման, այդ ներուժի համախմբման նպատակով կառավարությունը վերջերս ևս մեկ քայլ կատարեց՝ ստեղծելով «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամ և նրան հատկացնելով համապատասխան տարածք: Այս կենտրոնի գաղափարը ձևավորվել էր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ և մշտապես գտնվել է Վազգեն Սարգսյանի, ապա նաև ՀՀ նախագահի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Սրանք ծրագրված և շարունակական քայլեր են, որոնց իրագործմանը կառավարությունը հետևողականորեն հետամուտ կլինի: