չորեքշաբթի, 20 նոյեմբերի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ:
Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով: Տիգրան Ավինյանը կարևորել է Ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել է կառավարության հանձնառությունը դրա համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև Ծրագրի վերակառուցման հետ կապված հարցեր: