չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայկական միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին
Բարև ձեզ հարգելի հյուրեր, ֆորումի մասնակիցներ,
Ողջունում եմ այս նախաձեռնությունը, որն իրականացրել է Համաշխարհային հայկական կոնգրեսը. միջոցառում, որն իր առջև նպատակ է դրել շարունակելու այն գործընթացը, որ Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակվում է՝ համահայկական միջոցառումների իրագործում: Այս ֆորումը մենք համարում ենք որպես այդ համահայկական միջոցառումների բաղկացուցիչ մաս, և, բնականաբար, այն մեր ընդհանուր նպատակի իրագործմանը իր մեծ և օգտակար ներդրումը կբերի: Հայաստանի՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազատական տնտեսությունը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական դաշտը, ներդրումային միջավայրը միանգամայն նպաստավոր են գործարար ծրագրերի իրագործման և նորանոր ներդրումների ներգրավման համար, իսկ աշխարհաքաղաքական օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառների առկայությունը, որոնք որոշակի դժվարություններ, խոչընդոտներ են ստեղծում մեր տնտեսության համար, դրանք ժամանակավոր են, և եթե մենք կամք ու ցանկություն ունենք , ապա ինչպես մինչև այժմ՝ միասնական ուժերով հնարավորություն կունենանք այդ ամենը հաղթահարելու: Բոլորիս նպատակը մեկն է՝ Սփյուռքում, Հայաստանում, Արցախում, որպեսզի կարողանանք համախմբել մեր ուժերը և շարունակենք հզոր տնտեսությամբ հզոր ու բարգավաճ պետության կերտումը: Այս գործընթացին նախորդել են միջոցառումներ. մի շարք համահայկական տնտեսական ֆորումներ են տեղի ունեցել Հայաստանում, գործարար ասոցիացիաներ են ստեղծվում՝ արդեն ստեղծվել են հայ-ռուսական, հայ-վրացական գործարար ասոցիացիաներ: Մենք այս բոլոր ասոցիացիաները, միություններն ու նախաձեռնությունները ոչ թե իրար հակադրում ենք, այլ գտնում ենք, որ սրանք անհրաժեշտ են իրար փոխլրացնելու, այնպիսի միջավայր, պայմաններ ստեղծելու, որպեսզի յուրաքանչյուրն իր բնագավառում, իր գործունեության ոլորտում կարողանա բոլոր հնարավորություններն օգտագործել մեր պետության համար:
Այս ֆորումն իր առանձնահատկությունն ունի, քանի որ սա ոչ միայն սփյուռքահայերի, Սփյուռքի հայ գործարարների հավաք է, այլ նաև միջազգային համաժողով է, որտեղ մասնակցում են այլ երկրների գործարար աշխարհի կարևորագույն, կարկառուն ներկայացուցիչներ, և սա հնարավորություն է տալիս ֆորումին ոչ միայն համախմբել մեր Սփյուռքի հայ գործարարների ներուժն ու հնարավորությունները, այլ նաև ցույց տալով Հայաստանում իրավիճակը, տնտեսության զարգացման տենդենցները, առկա ներուժը ներգրավելու այն գործընթացներում, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսության հետագա զարգացման ու հզորացման համար: Բոլոր երկրներում եղած գործարարների հնարավորությունները փորձեք օգտագործել Հայաստանում՝ իհարկե փոխշահավետ համագործակցությամբ, այլ ոչ թե մարդասիրական կամ բարեգործական ծրագրերի իրագործմամբ: Այսինքն մենք առաջարկում ենք ե՛ւ հայ գործարարներին, ե՛ւ օտարերկրյա այլազգի գործարարներին՝ համատեղ ուժերով լուծելու այն խնդիրները, որոնք շահավետ են ե՛ւ մեր, ե՛ւ իրենց համար:
Ցանկանում եմ հաջողություններ մաղթել ֆորումի աշխատանքներին: Հուսով եմ կհաջողվի լուծել այն խնդիրները, որ իրենց առջև դրել են միջոցառման կազմակերպիչները: Շնորհակալություն: