հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2004
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին կհաջողվի կուտակված բոլոր խնդիրները քննարկել և գտնել լուծման արդյունավետ ուղիներ:
Իգոր Լևիտինը և հայկական կողմից նրա գործընկեր՝ միջկառավարական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վարչապետին ներկայացրել են այսօր համատեղ ստորագրելիք՝ համանախագահների հանդիպման Արձանագրության մեջ ներառված հարցերի շրջանակը: Դրանք վերաբերում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրին, իրավապայմանագրային դաշտի ներկայիս վիճակին, առևտրա-տնտեսական փոխգործակցության ընթացիկ խնդիրներին և աշխատանքային քննարկումների արդյունքում առաջացած այլ հարցերի: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ է նշվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանին միանալու վերաբերյալ ՌԴ կառավարության կայացրած որոշման մասին, որին անդրադարձ էր եղել նաև ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ժամանակ: Անդրանիկ Մարգարյանը, զրույցի ընթացքում, անդրադարձել է նաև ռուսական կողմին պարտքի դիմաց հանձնված ձեռնարկությունների հնարավորինս արագ տեխնիկապես վերազինման, վերագործարկման խնդրին, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության ուղիների, այդ թվում՝ Վերին Լարսի սահմանակետի փակման պատճառով առաջացած տնտեսական դժվարությունների, երկաթուղային և նավահանգստային ուղիների, Ռուսաստանի օդային տարածքում օդագնացության հետ կապված ծառայությունների համար հայկական և ռուսական ավիացիայի ընկերությունների ժամկետանց պարտքի փոխադարձ վճարումների իրականացման ձևերի և մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին երկուստեք հույս է հայտնվել, որ քննարկված և արձանագրված խնդիրները հնարավորինս արագ կլուծվեն: