հինգշաբթի, 5 ապրիլի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարության մի շարք որոշումներով նախատեսվեցին նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում: 2001թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելով, մասնավորապես 3,4 մլրդ դրամ հատկացվեց առողջապահության ոլորտին, 27,59 մլն դրամ՝ Հայաստանի կույրերի միավորմանը, 5 մլն 552,3 հազար դրամ՝ բնապահպանության նախարարությանը՝ Ջրվեժի արգելոցապարկային համալիրին մատակարարված ոռոգման ջրի դիմաց և 3 մլն 630,7 հազար՝ ՀՀ ԱԱ-ին՝ Դենդրոպարկի պահպանման գծով գոյացած նախորդ տարիների պարտքերի մարման նպատակով:
Նիստում հավանություն տրվեց «ՀՀ դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վերջինով սահմանվում է, որ նշված գումարներն ուղղվելու են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին դեղորայքով ապահովմանը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:
Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարվեց «ՀՀ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» կառավարության թիվ 350 որոշման մեջ: Փոփոխությամբ ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը նշվում է 36 միավոր, աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը՝ 3000 դրամ, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը՝ 1300 դրամ: Միանվագ դրամական օգնության չափը պայմանավորվում է անապահովության միավորի մեծությամբ:
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դեղերի պետական գրանցման կարգը, ինչպես նաև՝ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը:
Նիստում հավանություն տրվեց ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծին: Ծրագրի հիմնական նպատակների թվում նշվում են ՀՀ քաղաքացիների համար պետական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների սահմաններում անվճար կրթության ապահովումը, քաղաքացիների կրթության սահմանադրական իրավունքի իրացման համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նորմատիվային, իրավական, բովանդակային, սոցիալական, տնտեսական և կազմակերպական հիքմերի հետագա զարգացումը:
Կառավարությունը հաստատեց ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագիրը: Վերջինս, ըստ քաղաքաշինական մշակման կամ վերամշակման հաջորդականության, տրոհված է առաջնահերթ, միջին և երկարաժամկետ ծրագրերի: Փաստաթղթում ներառնված չեն Երևանը և այն բնակավայրերը, որոնց գլխավոր հատակագծերը ներկայումս հրատապ վերանայման կարիք չունեն, ինչպես նաև գլխավոր հատակագծեր չունեցող այն բնակավայրերը, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 100-ը:
Գործադիրը ՀՀ պետական գույքի կառավարման, էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարներին լիազորեց կառավարության անունից ստորագրել ՀՀ կառավարության և գնորդի միջև կնքվող էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերը: