երեքշաբթի, 19 հոկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Լի Ջաոսինին:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, անցած 12 տարիների ընթացքում, Հայաստանի և Չինաստանի միջև հաջողվել է ստեղծել փոխըմբռնման և իրավահավասարության վրա հիմնված սերտ քաղաքական համագործակցություն: Այդ գործընթացի հետագա զարգացման համար նրանք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, վստահություն հայտնելով, որ, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահի Չինաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան որակական նոր աստիճանի բարձրացնել երկկողմ հարաբերությունները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ ընդգծել է նաև իր գլխավորած Հայաստանի Հանրապետական Կուսակցության և ՉԺՀ-ի իշխող կուսակցության միջև սերտ համագործակցության ու բարեկամական հարաբերությունների հաստատման փաստը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը հետևողականորեն հանդես է գալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, դրանք դիտարկելով իր արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակում: Նա բարձր է գնահատել ՉԺՀ-ի դրական ներդրումը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վարչապետը հույս է հայտնել, որ Չինաստանն այսուհետ ևս կշարունակի անկողմնակալ և օբյեկտիվ վերաբերմունք դրսևորել Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով հիմնախնդրի արդարացի լուծմանը:
Անդրադառնալով երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության խնդրին, Անդրանիկ Մարգարյանը և Լի Ջաոսինը կարևորել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը: Այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առաջնահերթությունների թվում նրանք նշել են հատկապես քիմիայի, էներգետիկայի, գյուղատնտեսության բնագավառները: Փոխգործակցության այլ ուղղություններից առանձնացվել են գիտության, տեխնիկայի, կրթության ու մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները: ՉԺՀ արտգործնախարարը, գոհունակությամբ նշելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառության զգալի աճը, վերահաստատել է Հայաստանի ենթակառուցվածքներում խորածավալ ներդրումներ կատարելու չինական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Լի Ջաոսինի առաքելությանը՝ խնդրելով վերադարձին իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ պետխորհրդի նախագահ Վեն Ձիաբաոյին: