հինգշաբթի, 21 հոկտեմբերի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
ՀՀ կառավարության 2004թ. մարտի 31-ի «Տարածքների գոտիավորման և հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին» N 397-Ա որոշմանն ու ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Դալմայի այգիներում գտնվող 256.0 հա մակերեսով անտառային նշանակության հողամասերից առանց մրցույթի, մինչև 10 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Շահումյանի շրջգործկոմի և Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի հետ մինչև 31. 03. 2004թ. կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա հողամասերն զբաղեցնող քաղաքացիներին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ առանց համապատասխան պայմանագրերի՝ ինքնակամ հողօգտագործողների հետ վարձակալության պայմանագրեր չեն կնքվում: Նշվում է նաև, որ հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների առկայության դեպքում, ինչպես նաև ինքնակամ հողօգտագործողների հետ հողամասերի վարձակալության պայմանագրեր կնքելու հարցերին ընթացք են տրվում միայն օրենսդրությամբ սահմանված կարգով շենքերի, շինությունների կարգավիճակի և ինքնակամ հողազավթման խնդիրներին լուծում տալուց հետո: Համապատասխան նախարարներին հանձնարարվել է՝ առանձին ձևակերպումների հետ կապված իրենց առաջարկները լրացուցիչ քննարկել և ներկայացնել հարցը զեկուցող Երևանի քաղաքապետին:
Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 5423 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել Արարատի մարզպետարանին՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից Արարատի քաղաքային այգում իրականացվելիք հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին համայնքի ֆինանսական մասնակցության ապահովման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ՝ 1915 թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 90-րդ տարեդարձի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 157 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և ջրամեկուսացման աշխատանքների համար:
«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 2 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ «Ճարտարապետական և բնական ժառանգության վերականգնումը քաղաքաշինության քաղաքականության մեջ» ծրագրի համաֆինանսավորման նպատակով, ևս 8 մլն դրամ ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Հոռոմ գյուղի դպրոցի հիմնանորոգման, 4 մլն 800 հազար դրամ՝ Սարատակ գյուղի դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման, 2 մլն 200 հազար դրամ՝ Անի կայարան գյուղի դպրոցի հիմնանորոգման համար: Որոշվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքում տնտեսված 23 մլն դրամի զգալի մասն ուղղել հանրապետության դպրոցների համար 15 թեմատիկ քարտեզների կազմման աշխատանքներին:
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երաշխիքների կիրառման վերաբերյալ համաձայնագրին կից 1997թ. սեպտեմբերի 27-ին ստորագրված Լրացուցիչ արձանագրությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Այդ նպատակով որոշվել է պարտավորությունների կատարման համար՝ համադրման և պատասխանատու մարմին նշանակել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Հանձնարարվել է բնապահպանության նախարարին՝ մինչև 2004թ. դեկտեմբերի 10-ը ստեղծել Լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունների և տվյալների ռեգիստր:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Գործադիրը հաստատել է «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը», որի նպատակը ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:
Նիստում որոշումներ են ընդունվել մի շարք օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ: Մասնավորապես, որոշվել է 16 մլն 323 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անահիտ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին, իսկ հաշվեկշռային մեթոդով 359 մլն 342 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սարիկո» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը՝ հոլանդական աճուրդով: Որոշվել է մասնավորեցնել նաև ՀՀ կառավարության 2003թ. N 758-Ն որոշմամբ «ԲԷՑ» ՓԲԸ-ի գույքի կազմից օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվեկշռային մեթոդով 175 մլն 586 հազար դրամ գնահատված արժեքով առանձնացված «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը, ինչպես նաև 56 մլն 852 հազար դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցը՝ մրցույթով:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի պետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներին՝ մասնակցելու նշված ՓԲԸ-ն բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորելու հարցով բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին և քվեարկելու հօգուտ վերակազմավորման որոշման:
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը՝ Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էյսի Ֆին Ռոյալ» ՍՊԸ-ին հողամաս տրամադրելու վերաբերյալ, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 4 տարի ժամկետով՝ նշված ՍՊԸ-ի հետ Երևանի գլխավոր պողոտայի Արամի փողոցին հարող տարածքից 2800 քմ հողամասն օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 2829,4 քմ:
Մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ իրեն ամրացված Երևանի Կորյունի փող. NN. 15,17 և 19 հասցեներում գտնվող շենքերի սպասարկման նպատակով, Երևանի քաղաքապետի 01. 07. 2002թ. N 1107 որոշմամբ մշտական օգտագործման տրամադրված 6012.0 քմ հողատարածքից, ըստ հատակագծի 523.68 քմ մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը, սահմանված կարգով, վարձակալության հանձնել Միջպետական բանկին:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին», 2002թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշումների մեջ՝ դրանք ՀՀ անտառային օրենսգրքի հոդվածներին համապատասխանեցնելու նպատակով:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքը «2004» թվագրումով և ալկոհոլային խմիչքը «2005» թվագրումով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորելու համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի ամբողջ խմբաքանակի գնման պայմանագիրը (համաձայնագիրը), 403 մլն 379 հազար դրամի չափով, կնքվում է 2004թ. ընթացքում: Որոշման համաձայն, կնքվող պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի շրջանակներում 2004թ. ընթացքում վճարումները (որպես կանխավճար) իրականացվում են «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, այդ նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գծով նախատեսված միջոցներից՝ 141 մլն 574 հազար դրամի չափով, իսկ պայմանագրով նախատեսվելիք գումարի մնացած մասը՝ 261 մլն 805 հազար դրամը, վճարվում է 2005 թվականին՝ այդ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է բնակավայրերի օտարահունչ անվանումների փոփոխությամբ: Նախատեսվում է, մասնավորապես, օրենքը լրացնել նոր պարբերությամբ, ըստ որի մարզերի, Երևան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը և փոփոխությունը սահմանված կարգով հաստատում է ՀՀ կառավարությունը:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում հավանություն է տրվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակն է առավել հստակեցնել համայնքի ղեկավարի և ավագանու՝ պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակը: «Հարկային ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշման մեջ: Առանձին որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը: