երեքշաբթի, 24 մարտի 2020
«Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ
«Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով (օրական մի քանի անգամ փոխելու հաշվարկով), ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ:
Թոշակներ և նպաստներ ստանալու համար փոստային բաժանմունք այցելելու կարիք չի լինելու, քանի որ դիմակներով և ձեռնոցներով «զինված» «Հայփոստի» աշխատակիցները մոտեցնելու են շահառուների բնակարաններ: Աշխատակիցներն այստեղ նույնպես պահպանելու են կանոնները՝ ոչ միայն շեմից ներս չեն մտնելու, այլ նաև ունենալու են իրենց հետ ախտահանիչ նյութեր ամեն այցից առաջ ձեռքերն ախտահանելու նպատակով:
«Հայփոստի» Երևանի բաժանմունքներում բոլոր բաժանմունքներում փակցված են տեղեկատվական ցուցանակներ, որոնք հուշում են անվտանգության պարզ կանոնները փոստային բաժանմունք այցելելիս՝ մտնել մեկական, հերթում և սպասարկման սեղանից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մեր բնակիչները պատրաստակամ են հետևելու այս կանոններին, քաջ գիտակցում են, որ դրանց կարևորությունն ու սոցիալական պատասխանատվության բարձր զգացում ունեն:
Ինչ վերաբերում է այլ երկրներից ստացված առաքանիներին, ապա դրանք բաժանմունք հասնելուց հետո ախտահանվում են և ստացողներին են տրամադրվում միայն 24 ժամ բաժանմունքում մնալուց հետո, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը:
Ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» բաժանմունքները շարունակում են աշխատել նույն աշխատանքային գրաֆիկով, սակայն ախտահանված և ավելի անվտանգ պայմաններում, իսկ այսօրվանից նպաստները բաժանվում են բացառապես կազմակերպության աշխատակիցների կողմից առաքումների միջոցով: Նույն գործընթացն իրականացվելու է նաև թոշակների տրամադրման ժամանակ: