երեքշաբթի, 31 մարտի 2020
Հայտարարություն՝ Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխահատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին