ուրբաթ, 29 հոկտեմբերի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկլ է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Սյունիքի մարզի Գորիս և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում իրականացվող շինարարական ծրագրերը:ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետություն մարդասիրական բեռի ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցի և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցի կահավորման համար նախատեսված արտադրատեսակների պատրաստման ծրագրերը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող«Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցի վերանորոգում» ծրագիրը:
Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2004թ. փետրվարի 27-ի N Մ-78-Ա որոշմամբ հաստատված ծրագրի հարակից գործարքներով նախատեսվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուն հարող տարածքում գտնվող նորակառույց մանկապարտեզի շենքի բակում խաղահրապարակի տեղադրում, ինչպես նաև Տավուշի մարզի շուրջ 10 գյուղերում ջրամատակարարման աշխատանքների կատարում:
«Առաքելություն Արևելք» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների զարգացմանը» ծրագրի հարակից գործարքով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության 7 դպրոցներում կահույքի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գորգագործության պատվերների կատարման աշխատանքներ:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։