հինգշաբթի, 7 մայիսի 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով օժանդակություն կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին: «Երեկ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր իրականացնելու մասին. նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարության մասին է խոսքը»,-նշել է Տիգրան Ավինյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի, օբյեկտների նախագծման աշխատանքների վերաբերյալ: «Իրականում աննախադեպ ծրագրեր են և՛ քանակական, և՛ ֆինանսական առումով: Ընդհանուր առմամբ այսօր կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են կրթական, մշակութային և մարզական նշանակության 74 օբյեկտների նախագծային աշխատանքները: Դրանցից մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն ավարտվել է, իսկ մնացածի աշխատանքները կավարտվեն մինչև հուլիս, մաքսիմում՝ օգոստոս: ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նաև պատրաստ է իրենց պատվիրատվությամբ ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքները: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ կրթական, մշակութային 111 օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված կամ ավարտման փուլում են: 90 օբյեկտի շինարարության մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, մնացածի նորոգման աշխատանքները կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ առողջապահական նշանակության 12 օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են և կավարտվեն նույն ժամանակահատվածում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ շինարարական աշխատանքների մեկնարկը պատշաճ կազմակերպելու համար արդեն սկսվել են քննարկումները շինարարական կազմակերպությունների և անհատ շինարարների հետ:
Փոխվարչապետն ընդգծել է նմանատիպ ծավալի աշխատանքների կարևորությունը կապիտալ շինարարության ոլորտում, որոնք ակնհայտորեն էական նշանակություն են ունենալու երկրի տնտեսության համար:
Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։
Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող և մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների: Հաշվի են առնվելու ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։
Կբարելավվեն մի շարք ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանները
Կառավարությունն ընդունել է որոշում, որով գումար կհատկացի Քաղաքաշինության կոմիտեին` ուսումնական պրոցեսի և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Ըստ այդմ՝ կապահովվի ուսումնական և մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման, մարզադահլիճների, առանձին մասնաշենքերի կառուցման/վերակառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի կնքումը, արդեն կնքված պայմանագրերով նախատեսված գումարների վճարումը և արդեն նախագծած շենքերի/մասնաշենքերի կառուցումը/վերակառուցումը։ Հիմնավորման համաձայն՝ որոշ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թ. արդեն կազմվել են նախագծեր և 2020 թ. անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Մասնավորապես, կկառուցվեն ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցը և Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքը, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում:
Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է իրականացրել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է գնման գործընթացները կազմակերպել համապատասխան մարզպետարանների կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել: Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը:
Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը սուբվենցիոն ծրագրերի գնումների գործընթացն ավելի խոշոր լոտերով իրականացնելու մասին է: «Փորձել ենք գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից: Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»,-ասել է փոխվարչապետը:
Պետությունը կավարտվի աղետի գոտում բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը
Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ ընտանիքներից 227-ը նախընտրել են բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման տարբերակը: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված մոտ 1,29 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է գտնվում նրանց բնակարանային խնդրի լուծումը:
Որոշմամբ նախատեսվում է լուծել մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ըստ այդմ՝ 229 ընտանիքից 13-ին տրամադրվում է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ և ուղղակի)՝ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նրանց շրջանում կատարված լրացուցիչ հարցման, իսկ 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ: Այսպիսով ՝ կավարտվի ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:
Ինչպես նշել է Տիգրան Ավինյանը, դե յուրե պետության կողմից ստանձնած պարտավորություններն աղետի գոտում բնակարանային հարցերը լուծելու՝ այս ծրագրով ավարտվում են: «Ընդհանուր առմամբ նաև հասկանում ենք, որ խնդիրն ունի նաև այլ կողմեր և կան բազմաթիվ ընտանքիներ, ովքեր դե յուրե չունեն նման կարգավիճակ: Եվ սա չի նշանակում, որ առհասարակ հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու: Հետագայում մենք կփորձենք հասկանալ, թե այլ ինչ շրջանակ է մնում և այդ խնդիրներն ինչպես ենք լուծելու», -նշել է փոխվարչապետը: