ուրբաթ, 6 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռումինիայի պաշտպանության նախարար Իոան Միրչային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով հայ-ռումինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ռումինահայ համայնքի նկատմամբ այդ երկրի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը, երկկողմ հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը՝ ՀՀ վարչապետը Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության հետագա զարգացման համար այդ ամենը կարևոր գրավական է համարել: Նա ընդգծել է անցյալ տարի ՀՀ նախագահի Ռումինիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև Ռումինիայի արտգործնախարար Միրչա Ջոանայի ս.թ. փետրվարին Հայաստան կատարած այցի նշանակությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռումինիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Ռումինիան իր ակտիվ ներգրավվածությամբ կարևոր նպաստ կունենա գործընթացում:
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում Ռումինիայի հավասարակշռված քաղաքականությունը և ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում նրա անկողմնակալ դիրքորոշումը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկը և այդ փաստը որևէ կերպ չի անդրադառնում և չի բացառում անվտանգության այլ կառույցների հետ մեր երկրի համագործակցությունը: Ընդհակառակը, Հայաստանի անվտանգության համակարգի մյուս կարևոր գործոնի՝ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության և գործնական հարաբերությունների ակտիվ զարգացումը Հայաստանը, ըստ վարչապետի, դիտում է որպես իր անվտանգության հավելյալ, փոխլրացնող երաշխիք:
Ռումինիայի պաշտպանության նախարարի հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը կարևորվել է ոչ միայն ռազմական, այլ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների ակտիվ փոխգործակցությունը. «Եվ հայերը, և ռումինացիները լավ գործարարներ են ու լավ կլիներ, որ նրանք գտնեն իրար և համագործակցության ընդհանուր ուղիներ», - նշել է նախարար Իոան Միրչան:
Հանդիպմանն ընդգծվել է ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ ՊՆ-ի և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը, որն իրականացվում է այդ մասին համաձայնագրով նախատեսվող երկկողմ ռազմական փոխգործակցության տարեկան ծրագրի շրջանակներում: