չորեքշաբթի, 10 նոյեմբերի 2004
ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, կազմակերպական և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ, Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, շարունակվում են աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ ոսկեգործների ու ադամանդագործների ասոցիացիայի միջև՝ վերջինիս առաջարկությունների շուրջ: Ասոցիացիայի կողմից նոր առաջարկություններ են ներկայացվել նախարարություն, որոնք այժմ նույնպես քննարկման փուլում են և փորձ է արվում խնդիրները լուծել համատեղ կազմված գործարար ծրագրերի իրականացման միջոցով: Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, զեկուցվել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանձնարարականում նշված խնդիրների, այդ թվում՝ գործող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԳԱԽ խորհրդին հիմնավորված առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ նյութերի մեծ ծավալի պատճառով վերլուծությունները դեռևս շարունակվում են: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հարցի քննարկումներն ավարտել մինչև 2005թ. ապրիլի 1-ը, որից հետո դրանց արդյունքում ձևավորված դիրքորոշումը կներկայացվի Գործարարության աջակցման խորհրդի հաստատմանը: Զեկուցվել է նաև, որ նախորդ նիստում սահմանված 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ավարտել է «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերի ներկայացման, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակումը, որի առանձին դրույթների վերաբերյալ, սակայն, դեռևս կան տարբեր տեսակետներ: Հարցի շուրջ խորհրդում ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է արձանագրել խնդրի կարգավորման ուղղությամբ մինչև այժմ ձեռք բերված դրական լուծումները, իսկ վիճելի հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում վարչապետի մոտ հրավիրել խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արված բոլոր առաջարկությունների հիման վրա խնդիրները հստակեցնելու նպատակով:
Մեկ այլ հանձնարարականի համաձայն, հրավիրվել է ԳԱԽ-ի գործարար համայնքը ներկայացնող անդամների ընդլայնված կազմով նիստ (46-ի ակումբ)՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, «Հազարամյակի զարգացման նպատակների» հայաստանյան ծրագրի վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խորհրդի մշտական գործող երեք աշխատանքային խմբերում անդամների համալրման և փոփոխությունների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով: Հանձնարարվել է հրավիրել ընդլայնված կազմով ևս մեկ նիստ՝ գործարար համայնքին ծրագրի վերամշակված և վերախմաբգրված տարբերակը ներկայացնելու համար:
Նիստում ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը հանդես է եկել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի «Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (FIAS)» կողմից իրականացված «Հայաստանում գործարարության վարչական ընթացակարգի գնահատում» ուսումնասիրության հաշվետվության և ԳԱԽ-ի խնդիրների մասին հաղորդմամբ: Նա նշել է, որ ԳԱԽ քարտուղարության աջակցությամբ ս/թ սեպտեմբերին Զարգացման հայկական գործակալությունում հրավիրվել է նշված ուսումնասիրության հաշվետվության նախնական տարբերակի սեմինար-ներկայացում՝ ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ կառույց հանդիսացող Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (ՕՆԽԾ), միջազգային այլ կառույցների, ՀՀ պետական կառավարման մարմինների, ներկայացուցիչների, ԳԱԽ գործարար համայնքը ներկայացնող մի շարք անդամների մասնակցությամբ: Դրանից հետո, ըստ Վ. Ներսիսյանցի, վարչապետի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունը տրամադրվել է շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, ինչպես նաև ԳԱԽ-ի գործարար համայնքը ներկայացնող անդամներին: Զեկուցողը նշել է, որ 2005թ. հունվար-փետրվարին նախատեսվում է անցկացնել խորհրդատվական նոր հանդիպումներ՝ նախարարությունների, դոնոր կազմակերպությունների և գործարարների հետ, որոնց ընթացքում ներկայացվելիք առաջարկություններն ու դիտողությունները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ԳԱԽ-ի քարտուղարության կողմից ամփոփվելուց, ինչպես նաև ՕՆԽԾ-ի ներկայացուցիչների հետ քննարկելուց հետո կներկայացվի Գործարարության աջակցման խորհրդին, իսկ վերջինս, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկներ կներկայացնի ՀՀ վարչապետին:
Նիստում քննարկվել են նաև կազմակերպական հարցեր: Խորհուրդը հաստատել է արտահանման աջակցման և խրախուսման հարցերի, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման հարցերի և օրենսդրական նախաձեռնությունների ու նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի մշտական գործող աշխատանքային խմբերի նորացված անհատական կազմերը: Դրանց ղեկավարները կընտրվեն աշխատանքային խմբերի կողմից:
Որոշվել է նաև ԼՂՀ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանին ընտրել ԳԱԽ-ի գործարար համայնքը ներկայացնող անդամներից կազմված «46-ի ակումբի» մշտական անդամ: