Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 նոյեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշման, կառավարությունը հաստատել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգի հայեցակարգը: Նշվել է, որ դա ԱՀՌԾ-ից հետո երկրորդ կարևորագույն փաստաթուղթն է, որը հնարավորություն կտա ցուցանիշների համակարգի հիման վրա հստակ գնահատական տալ ծրագրի իրագործմանը, ինչպես նաև հասարակական հսկողության տակ պահել իրագործման ընթացքը: Շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարվել է՝ մինչև առաջիկա երեքշաբթի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է օրենսգրքի գործնական կիրառության ընթացքում (սկսած 2001թ. հունվարի 1-ից) իրականացված վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած խնդիրների հստակեցման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. միջոցառումների ծրագրի, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի պահանջներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Կառավարությունը հաստատել է «Գրքի և գրահրատարակման պետական քաղաքականության» ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն ամրագրում է գրքի և գրահրատարակման ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական խնդիրներն ու նպատակները, պետական աջակցությամբ հրատարակվող գրականության առաջնային ուղղություններն ու իրավական հիմքերը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարության 2004թ. պահուստային ֆոնդի հաշվին, 15 մլն դրամ հատկացնել կազմակերպությանը՝ պետական գրանցման, նրան հատկացվող գույքի և հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այլ ծախսերի իրականացման համար: Հիմք ընդունելով ՀՀ «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության վարչության համաձայնությունը, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, որոշվել է դադարեցնել նշված միության իրավունքները հանրակրթական նպատակով օգտագործվող Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի տարածքում գտնվող 1 հա հողամասի նկատմամբ՝ այն «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով: Որոշմամբ դադարեցվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Տնկարանային տնտեսություն» ՓԲԸ-ի իրավունքները Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 15 հա անտառային նշանակության հողերի նկատմամբ, դրանք փոխադրելով հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը, 2004թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 40 մլն դրամ էլ հատկացրել է Սյունիքի մարզպետարանին՝ մարզի Լեռնաձոր գյուղում ժամանակավորապես փայտյա տներում բնակեցված 66 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Որոշմամբ հաստատվել է նշված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը, այդ թվում՝ 2004թ. համար: Սահմանվել է, որ այդ տներում ապրող ընտանիքների խնդիրների լուծումն իրականացվում է պետական ֆինանսական անհատույց աջակցության տրամադրման միջոցով անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ պետական բյուջեով նշված ընտանիքների համար նախատեսված հատկացումները միանվագ փոխանցել աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին, ինչպես նաև ՀՀ տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս, քննարկել նշված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցերը: Որոշմամբ՝ հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզպետը:

ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման համաձայն, գործադիրը որոշում է կայացրել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված 10 մլն դրամը բաշխելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, նիստում որոշում է ընդունվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնված Էջմիածնի Չոբանքարայի ատաղձագործական իրերի կոմբինատի 32300.5 ք/մ և քարերի մշակման կոմբինատի 7666.5 քմ զբաղեցրած հողամասերը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն նվիրելու վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն գործադիրը որոշել է ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության «Ջրվեժ արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ջրվեժի անտառպուրակի հողատարածքից 0.3 հա հողամասը հետ վերցնել և փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, ինչպես նաև թույլատրել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ այդ հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարի չափով, տրամադրել «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը՝ վարչական շենքի և արտադրական բազայի կառուցման համար:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2002թ. ապրիլի 5-ի «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2002-2006թթ. Հայաստանի Հանրապետություն չմշակված բնական ալմաստներ մատակարարելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության, «ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև վարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի, «ՀՀ կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնություն է տվել նաև «ՏԱՍԻՍ-ի 2004թ. Տարածաշրջանային գործողությունների ծրագրի ֆինանսավորման մասին», ինչպես նաև «Վաճառված (փոխանցված) և ձեռք բերված «Իգլա» և «Ստրելա» տիպի շարժական զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգի մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Նիստում կառավարությունը փոփոխություններ է կատարել 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1232-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է տեսչության կանոնադրական գործառույթների փոփոխման և աշխատողների թվաքանակի շուրջ 50 տոկոս նվազեցման պայմաններին տեսչության կառուցվածքը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ նպատակով որոշվել է միավորել կառուցվածքային բաժինները, այդ թվում՝ տարածքային տեխնիկական հսկողության բաժինները՝ ստեղծելով կառուցվածքային միջմարզային տեխնիկական հսկողության բաժին:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև օդաճնշական դողերի անվտանգությունն ապահովող ցուցանիշների սահմանման նպատակով, կառավարությունը հաստատել է օդաճնշական դողերի տեխնիկական կանոնակարգը: Գործադիրը հաստատել է նաև անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով անհատական պաշտպանության միջոցների բազմազանությունը և մարդկանց անվտանգությունն ապահովելու դրանց ունակության աստիճանը: Վերոհիշյալ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով շուկայում խաղալիքների բազմազանությունը, դրանց ծավալներն ու խաղալիքների օգտագործման ժամանակ երեխաների և շրջապատի անձանց վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, մեկ այլ որոշմամբ, հաստատվել է խաղալիքների տեխնիկական կոնանակարգը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվա ընթացքում, հաստատել նաև խաղերի և խաղալիքների արտադրության և իրացման սանիտարական կանոններն ու նորմերը:

Կառավարությունը հաստատել է նաև ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը՝ հաշվի առնելով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների օգտագործման ծավալները, մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշումը:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հարցի ավելի հստակ կարգավորման անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը»: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. մարտի 14-ի N 238 որոշման մեջ, որով, մասնավորապես, «Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության կանոնադրությունը» լրացվել է նոր պարբերությամբ, ըստ որի մշտական ներկայացուցչությանը կից կարող են գործել մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի ընդունման կապակցությամբ, գործադիրը համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ:

Կառավարության անդամները հավանություն են տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է օրենքի որոշ դրույթների առավել հստակեցման և հիմնավորման անհրաժեշտությամբ: Մեկշաբաթյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ նախագծի վերաբերյալ առաջարկությունները քաղաքացիական ծառայության խորհրդին ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վարչապետի մոտ խորհրդակցություն հրավիրելու համար:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության ք. Երևան, Հանրապետության 85 հասցեում գտնվող շենքն ու շինությունը (գլխամասային մասնաշենք և ենթակայան) ամրացնել ՀՀ գլխավոր դատախազությանը: Որոշվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Արմենակյան 129 շենքի 5-րդ հարկն ամբողջությամբ և 4-րդ հարկից 191.4քմ մակերեսով տարածքն ամրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, առաջինը՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը և նրա Երևանի տարածքային մարմնին, իսկ 2-րդը՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը հատկացնելու համար:

ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Տրանսպորտի ծրագրի շրջանակներում ռելսերի և տակդիրների ձեռքբերման նպատակով 2004թ. նոյեմբերի 9-ին անցկացված և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ու դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2004թ. նոյեմբերի 10-ին հաստատված միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով նվազագույն գնով և որակավորման չափանիշներին բավարարող «Լեման Քոմոդիտիզ Ս.Ա.» կազմակերպությունը (Շվեյցարիա):

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում գործադիրը հավանություն է տվել նաև «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և խաղատների մասին» և շուրջ մեկ տասնյակ այլ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի փաթեթը համարվել է անհետաձգելի և առաջարկվել է Ազգային Ժողովին այն քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունները:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Կրթության մասին», «Զինապարտության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ