հինգշաբթի, 25 հունիսի 2020
Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում, իսկ արձանագրելիս առավել լուրջ միջոցներ են կիրառվում․ ԱԱՏՄ
Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է:
Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:
ԱԱՏՄ աշխատակիցները զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ. տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանված կանոնների ճշգրիտ պահպանմանը:
ԱԱՏՄ-ն այսօր նաև 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:
Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսավարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր: Տնտեսավարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը:
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնախախտումների դեպքում կկիրառվեն վարչական առավել լուրջ միջոցներ։