ուրբաթ, 26 հունիսի 2020
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են. խախտումների քանակը հաստատուն նվազում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում:
ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում դեռևս հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի թերի կատարումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Սակայն խախտումների քանակը հաստատուն նվազում է:
Հայտնաբերված հիմնական խախտումներն են ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Այստեղ շրջանցել էին աշխատակիցներին առնվազն երկու անգամ ջերմաչափելու նորմը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը: