շաբաթ, 11 հուլիսի 2020
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղերում ուղևորի առկայության դեպքեր և վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։
Նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ամենօրյա ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ` ՀՀ պարետի որոշման պահանջները խստագույնս հետևելու նպատակով:
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ: