կիրակի, 12 հուլիսի 2020
Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում խախտումներն էականորեն նվազել են․ ԲԸՏՄ
Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակել է նաև ոչ աշխատանքային օրերին։
Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում իրականացված հերթական խստացված կրկնայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այցելուները եղել են դիմակներով, սոցիալական հեռավորություն չպահպանելու ու մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր չեն հայտնաբերվել։
Մշտադիտարկումների արդյունքները փաստում են, որ նախկինում արձանագրված խախտումներն էականորեն նվազել են։
Տեսչական մարմնի մասնագետները քաղաքացիներին տրամադրել են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ ու կոչ արել կտորե դիմակները փոխարինել դրանցով, միաժամանակ կատարել լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ պարետի N 139 որոշման՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ապահովում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը: