ուրբաթ, 3 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը կարևորել են նաև ՀՀ կառավարության և ՌԴ վարչական առանձին սուբյեկտների, մասնավորապես՝ Մոսկվայի կառավարության միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ այս տարվա ամռանը Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի և Մոսկվայի կառավարությունների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության աշխատանքային հանձնաժողովի անհատական կազմը, մշակման փուլում է համագործակցության ծրագրի նախագիծը: Նա նշել է նաև, որ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել 2005թ. գարնանը:
Շնորհակալություն հայտնելով իր և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, Յուրի Լուժկովը գոհունակություն է հայտնել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի հետ վարվող բանակցությունների, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ընթացքից: Նա այդ համագործակցության հաջող արդյունքներից է համարել, մասնավորապես, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի գործունեությունը, ինչում համոզվել է անձամբ՝ համալսարան կատարած այցի ընթացքում: Այդ ճանապարհին կարևոր քայլերից մեկը, ըստ նրա, Մոսկվայի ու Երևանի միջև 2005-2007թթ. համագործակցության այսօր ստորագրված ծրագիրն է: «Մեզ համար տնտեսության, առևտրի, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության խնդիրներն ու անելիքները պարզ են, կարելի է ասել, նախապատրաստական փուլն անցել ենք հաջողությամբ, այսօր գործելու ժամանակն է», - ընդգծել է Մոսկվայի քաղաքապետը: Ներկայումս ՌԴ մայրաքաղաքում իրականացվող որոշակի քայլերից նա առանձնացրել է, մասնավորապես, հայկական առևտրի տան, հյուրանոցային-գործարար կենտրոնի հիմնման, մեծածախ առևտրային համալիրի ստեղծման նախագծերը, որոնց իրականացումը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա Հայաստանի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառությունն ավելացնել մի քանի անգամ:
Առևտրատնտեսական համագործակցության խթանման համար կողմերը կարևոր են համարել նաև փոխադարձ ներդրումների ծավալների մեծացման, ներդրումների պաշտպանության խնդիրները: Գոհունակությամբ նշելով ներկայումս Մոսկվայում հայկական կապիտալի մասնակցությամբ զգալի թվով ընկերությունների գոյությունը, ինչը վկայում է դրանց նկատմամբ Մոսկվայի կառավարության ուշադիր վերաբերմունքը, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այդ միտումը կպահպանվի առաջիկայում ևս ու նման ընկերությունների մասնակցությունը կաճի նաև Մոսկվայի քաղաքային ծրագրերում: Վարչապետը Մոսկվայի քաղաքապետին խնդրել է աջակցել՝ մասնավորապես, հայկական ընկերությունների կողմից Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում նոր ցուցահանդեսային տաղավարի կառուցման նախաձեռնությանը, քանի որ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է Մոսկվայի կառավարությանը: Յուրի Լուժկովը խոստացել է իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդրի լուծմանը, միաժամանակ այդ հարցը բարձրացնելով նաև Ռուսաստանի Դաշնային կառավարության առջև: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ 2012թ. ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար Մոսկվայի թեկնածությունը պաշտպանելու նպատակով: Հայկական ընկերությունները ևս, ըստ նրա, պատրաստ են ներդրումներ կատարել ՌԴ մայրաքաղաքի մարզական ու առողջարարական համալիրների շինարարության մեջ: Հայաստանի կառավարության ղեկավարը առաջարկել է նաև մոսկովյան խոշոր ընկերություններին՝ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել հայկական շուկա մուտք գործելու, ներդրումներ իրականացնելու համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հատկապես շահագրգռված է արտերկրում մեծ պահանջարկ վայելող հայկական պտուղների ու բանջարեղենի վերամշակման և պահածոյացման համատեղ ձեռնարկության ստեղծմամբ, ինչը փոխշահավետ կլիներ նաև ռուսական կողմի համար:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև բանկային, առողջապահության, տրանսպորտի և կապի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության խնդիրներին:
Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը և Յուրի Լուժկովը մեկ անգամ ևս հավաստել են ՀՀ կառավարության և Մոսկվայի կառավարության միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը: