չորեքշաբթի, 15 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումն ու կրկնայցերը ՀՀ ողջ տարածքում
Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Մշտադիտարկման ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Կրկնայց է տեղի ունեցել նաև Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող շինանյութի տոնավաճառում, որտեղ օրեր առաջ դիտարկված թերությունների արդյունքում կասեցվել էր մի շարք տնտեսավարողների գործունեություն: Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբն արձանագրել է, որ նշված տոնավաճառում թերությունները շտկված են եղել:
ՇՎՏՄ-ն հուլիսի 15-ին իրականացրել է նաև կասեցումներ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Կասեցվել է մի քանի բենզալցակայանների և գազալցակայանների գործունեություն, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
Տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ ստուգումները ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն: Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: