ուրբաթ, 17 հուլիսի 2020
ՍԱՏՄ ամենօրյա ստուգայցերը շարունակվում են. 48 ժամով կասեցվել է հանրային սննդի օբյեկտ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:
Այսօր իրականացված երկու տասնյակ կասեցումներից մեկը 48 ժամով էր. կրկնակի խախտում թույլ տված հանրային սննդի օբյեկտում սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, իսկ սանհանգույցում բացակայել են ձեռքերի ախտահանման միջոցներն ու դիմակների համար նախատեսված փակվող աղբարկղը:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր ստուգել են նաև, թե պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնները ինչպես են պահպանում Երևանի Էրեբունի վարչական համայնքի կազմակերպությունները։ Արձանագրվել է, որ նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազել են և տնտեսավարողներն առավել իրազեկ ու բարեխիղճ են դարձել: Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի կետում, որտեղ ՍԱՏՄ տեսուչներն ացելել են առաջին անգամ: Այստեղ ոչ պատշաճ են վարել ախտահանման գրանցամատյանը և բացակայել է փակ աղբամանը դիմակների համար:
Սննդի ոլորտը վերահսկող տեսուչները կշարունակեն խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանմանը: