չորեքշաբթի, 8 դեկտեմբերի 2004
Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլի նահանգապետ Սեյյեդ Ջավադ Նեգարանդեին:
Գոհունակություն հայտնելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակից, կողմերը նշել են նաև երկու երկրների առանձին վարչական սուբյեկտների միջև փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության առավել սերտացումը, մասնավորապես, Արդաբիլի նահանգի և Սյունիքի մարզի միջև, որի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Որպես համագործակցության ոլորտներ, կողմերը նշել են Արդաբիլի նահանգում և Հայաստանում արտադրվող մշակաբույսերի, սերմերի և տնկիների փոխանակման և փորձարկման, իրանական տեխնոլոգիաներով կարտոֆիլի վերամշակման, պարարտանյութերի, ջրատար խողովակների ներկրման և այլ բնագավառները:
Դրական գնահատելով վերջին շրջանում ինչպես Սյունիքի մարզպետարանի, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իր գլխավորած նահանգի համագործակցությունը, ներկա այցի ընթացքում կայացած բանակցությունների և պայմանավորվածությունների արդյունքները, Սեյյեդ Նեգարանդեն առաջարկել է ստեղծել համատեղ գրասենյակ՝ երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, ինչպես նաև այլ ոլորտներում գործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով: Կարևորելով հատկապես տնտեսության մասնավոր հատվածների միջև կապերի սերտացումը, նա ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև մեծ թվով գործարարներ, որոնց անմիջական շփումներն իրենց հայ գործընկերների հետ մոտ ապագայում շոշափելի արդյունքներ կունենան:
Ողջունելով համագործակցության աշխատանքների համակարգման նպատակով համատեղ գրասենյակի ստեղծման առաջարկը, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Արդաբիլի նահանգապետարանի՝ ամենատարբեր ոլորտներում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը: