շաբաթ, 4 դեկտեմբերի 2004
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան 2006թ. բյուջետային գործընթացն սկսելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հաստատվել է 2006թ. բյուջետային գործընթացի առաջին փուլի` 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է` մինչև 2005թ. հուլիսի 1-ը վարչապետի հաստատմանը ներկայացնել ՀՀ 2006թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Վարչապետի որոշմամբ հաստատվել է նաև պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը, որի նախագահը ՀՀ վարչապետն է, տեղակալը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը: Խորհրդում ընդգրվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը, կենտրոնական բանկի նախագահը, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, պաշտպանության նախարարները, կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը, մաքսային պետական կոմիտեի նախագահը, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով` ՀՀԿ, ՕԵ, ՀՅԴ կուսակցությունների մեկական լիազոր ներկայացուցիչ: