հինգշաբթի, 23 հուլիսի 2020
ՔՏՀԱՏՄ-ի դիտարկման թիրախում կրկին Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտն է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 23-ին, Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ դիմակների ոչ ճիշտ կրման և ախտահանիչ նյութերն ուղևորների համար անհասանելի վայրերում տեղադրելու վերաբերյալ։
Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները, իրականացված ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքները փաստում են, որ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ կատարված հսկողության արդյունքում նկատվում են խախտումների և վարչական արձանագրությունների թվի կտրուկ նվազում։
Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ՀՀ ամբողջ տարածքում։