ուրբաթ, 24 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկման գործընթացը. կատարվել են նաև կասեցումներ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի գազալցակայաններում: Մասնավորապես, բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար դրամարկղերի մոտ արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Տեսչական մարմնի աշխատակիցները հուլիսի 24-ին կասեցումներ են իրականացրել նաև Վանաձոր քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված:
ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: