ուրբաթ, 10 դեկտեմբերի 2004
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովը ի գիտություն է ընդունել «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար ջրային համակարգերի վարձակալություն» մրցույթի ընթացքի և հետագա քայլերի մասին տեղեկանքը: Ըստ այդ փաստաթղթի, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի համար նախատեսվող մրցույթի գործընթացներում առաջացող օբյեկտիվ բարդությունները, մրցութային հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել մրցույթի իրականացման համար նոր ժամանակացույց, ըստ որի նոր պայմանագիրը կմեկնարկի 2005թ. հուլիս-օգոստոսին: Տեղեկանքում նշվում է, որ մրցութային գործընթացին զուգահեռ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից նախապատրաստվում է նաև Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավմանն ուղղված երկրորդ վարկային ծրագիրը:
Նիստում հաստատվել են Երևան քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման համար ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու վերաբերյալ միջոցառումները, ինչպես նաև հետաքրքրության հայտերը գնահատող խմբի կազմը, հայտերի գնահատման (որակավորման) ամփոփաթերթը:
Հանձնաժողովի անդամները հավանություն են տվել «Ֆիխտներ / ՋԷՆ» կոնսորցիումի կողմից վարձակալության պայմանագրի ՀՆԱ-ի (հայտեր ներկայացնելու առաջարկության) մրցութային փաթեթի նախապատրաստման համար առաջադրված խնդիրների կապակցությամբ ներկայացված լուծումներին: