չորեքշաբթի, 15 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչև զրույցը սկսելը, վարչապետը շնորհավորել է Բորիս Գրիզլովին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, քաջառողջություն ու հաջողություններ է մաղթել նրան քաղաքական գործունեության մեջ և անձնական կյանքում:
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար: Իր հերթին ՌԴ պետդումայի նախագահը գոհունակությամբ նշել է այս տարվա հուլիսին Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստանի Դաշնություն կատարած առաջին պաշտոնական այցի և այդ շրջանակում ունեցած հանդիպումների արդյունավետությունը: Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ կառավարությունների միջև փոխգործակցությունը դժվար կլիներ ապահովել առանց երկու երկրների խորհրդարանականների աջակցության և վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ջանքերն այսուհետ ևս լիարժեք պաշտպանություն կգտնեն օրենսդիրների կողմից:
Նշելով վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխգործակցության, մասնավորապես, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության նկատելի ակտիվացումը, Անդրանիկ Մարգարյանը և Բորիս Գրիզլովը գոհունակություն են հայտնել, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը ևս մեծ ուշադրություն է հատկացնում երկկողմ տնտեսական գործակցությանը՝ զգալիորեն աջակցելով այդ ուղղությամբ կառավարությունների ջանքերին: Նրանք ընդգծել են նաև այդ բնագավառում դեռևս չօգտագործված հնարավորությունների առկայությունը: Կողմերը կարևորել են, մասնավորապես, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրը: Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ռուսական կողմից ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Հյուսիս- Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում Հայաստանի ներգրավման, Կովկաս- Փոթի երկաթուղային լաստանավային անցուղու բացման, երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման և այլ ուղղություններով, ինչը տնտեսական առումով շահավետ է թե Հայաստանի և թե Ռուսաստանի համար: Անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերում Հայաստանի ներգրավվածության խնդրին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը ռուս խորհրդարանականներից որոշակի աջակցություն է ակնկալում նաև Հայաստանի ապաշրջափակման, հայ-թուրքական սահմանի վերաբացման, Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման և կենսականորեն կարևոր այլ հարցերում:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքին: Նրանք նշել են երկուստեք շահագրգռությունը՝ Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների վերագործարկման հարցում: Զրուցակիցները քննարկել են փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները ևս՝ ընդգծելով, որ դրանում կարևոր դեր կարող է կատարել նաև նորաստեղծ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան:
Անդրանիկ Մարգարյանը և Բորիս Գրիզլովը Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման տեսակետից կարևորել են նաև երկու երկրների վարչական առանձին սուբյեկտների միջև փոխգործակցության հետագա սերտացումը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այդ առումով արդեն իսկ բավական լավ հարաբերություններ են հաստատվել Ռուսաստանի մի շարք մարզերի, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի միջև ու գոհունակություն է հայտնել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՌԴ պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը մեկ անգամ ևս հավաստել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու երկու երկրների իշխանությունների պատրաստակամությունը: