երեքշաբթի, 11 օգոստոսի 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում, կասեցումներ՝ Մասիսում
ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում և Արարատի մարզում գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են Պարետատուն: